38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Դժվարը քաղաքապետի «ով» լինելու հարցն է

Դժվարը քաղաքապետի «ով» լինելու հարցն է
03.02.2009 | 00:00

ԱՄԵՆԱՀԱՎԱՆԱԿԱՆԸ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ Է
ԵԽԽՎ-ի ու դավոսյան քննարկումները մնացին հետևում, և իշխանությունը, 225, 300 հոդվածները շտկելուն զուգընթաց, առաջիկայում կխրվի ապագա քաղաքապետի ընտրության ոչ պակաս կարևոր խնդրի լուծման մեջ, ձեռնամուխ կլինի նախապատրաստական աշխատանքներին:
Ի դեպ, այդ ընտրությունները կամա-ակամա համընկնելու են սպասվող տնտեսական ճգնաժամի ամենաբուռն ամիսների հետ: Եվ որքան էլ հայաստանյան կառավարությունը հայտարարի «բարի լուրեր» ճգնաժամի մասին, այն հասնելու և «անցնելու» է Հայաստանը:
Եվ եթե անկոչ ու դաժան այդ հյուրին ոչ մեկն աշխարհում չի սպասում, Հայաստանում նրան սպասողների պակաս հաստատապես չկա. դրան օրինաչափորեն սպասում է ընդդիմությունը, էլ չենք ասում, թե ոնց են սպասում Ռոբերտ Քոչարյանն ու իր մերձավորները: Այնպես որ, այդ պայմաններում ցանկացած ընտրություն իշխանության համար դանակի շեղբի վրայով քայլելու պես մի բան է դառնալու: Սակայն իշխանությունների, հատկապես Սերժ Սարգսյանի համար ամենադժվարը քաղաքապետի «ով» լինելու հարցն է: Ինչ-որ մի պահի Հովիկ Աբրահամյանի և Արմեն Գևորգյանի լոբբինգի արդյունքում Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, կարծես, մոտ էր քարտ-բլանշ ստանալուն: Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ առանձնապես «ցցվել» չսիրող «գորշ կարդինալ» Արմեն Գևորգյանն ուրույն վերաբերմունք ունի մականունավոր համայնքապետերի և մարզպետների նկատմամբ և նրանց մշտապես փորձում է պահել իր «կարդինալական» հովանու ներքո։ Այդ նրա ջանքերի շնորհիվ էր, որ երկու անգամ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «պլստաց» պաշտոնանկությունից. մեկը՝ 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Արմեն Գևորգյանը Ռոբերտ Քոչարյանի մոտ մտել ու «աննպատակահարմար» էր դիտել «Լիսկայի անկումը», մյուսը՝ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում սպասվող անկումն էր, բայց Արմեն Գևորգյանը դարձյալ հասցրեց օդում բռնել «տարվա մարզպետին»:
Ինչ վերաբերում է Գագիկ Բեգլարյանի «շանսին», ապա նրա` քաղաքապետ դառնալու առնչությամբ իշխանամերձ «կուլիսներում» բավականին լուրջ պայքար էր ընթանում. ներիշխանական ճամբարն այս առիթով բաժանվել էր «բազեների և աղավնիների», մյուս կողմից՝ հովիկաբրահամյանական թիմի սեպարատ խաղերը նույն մերձիշխանական կուլիսներում ստեղծեցին այնպիսի իրավիճակ, որ միջանցքի տերը՝ Սերժ Սարգսյանը, որը Գ. Բեգլարյանի թեկնածությանը զուգահեռ, դիտարկում էր նաև Կարեն Կարապետյանի և մի քանի այլ յուրայինների թեկնածություններ, կանգ է առել ստատուս-քվոն պահպանելու տարբերակի վրա. այն է՝ Երվանդ Զախարյանը կշարունակի պաշտոնավարել մինչ աշուն: Ընդ որում, փորձագետները չեն բացառում, որ թեկնածուի փնտրտուքը, ի վերջո, որևէ արդյունք չի տա, ու Երվանդ Զախարյանը կշարունակի մնալ այդ պոստում: Բանն այն է, որ վերջին շրջանում քաղաքն իսկապես փոխվել է, բավականին գործ է արվել, և տնտեսական ճգնաժամի այս օրերին գնալ այնպիսի ռիսկի, ինչպիսին էր ԱԺ նախագահի փոփոխությունը, որը որևէ դրական բան չտվեց երկրին, փորձագետների շրջանում համոզմունք է ձևավորել, թե ամենահավանականը ստատուս-քվոյի պահպանումն է:
Ստատուս-քվոյի պահպանման, Գագիկ Բեգլարյանին «հետ քաշելու», քաղաքապետ դառնալու հեռանկարից Կարեն Կարապետյանի հրաժարվելու արդյունքում էլ աշխուժացել է ՕԵԿ-ի նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով ևս որոշակի կուլիսային քայլեր է անում՝ քաղաքապետ դառնալու համար:
Սակայն փորձագետները հավանական չեն համարում նաև այս տարբերակը: Ճիշտ է, այդ քայլով ՕԵԿ-ը կկարողանա իրեն փրկել մոռացումից, սակայն, ըստ փորձագետների, ինչպես Քոչարյանին Սերժ Սարգսյանը երբևէ քարտ-բլանշ չի տա, այնպես էլ երբեք շանս չի տա Արթուր Բաղդասարյանին՝ դառնալ գրեթե իրեն հավասար պաշտոնյա` խիստ հասկանալի պատճառներով (հիշենք, որ Երևանը գրեթե ողջ Հայաստանն է):
Բացի այդ, եթե Գագիկ Բեգլարյանի դեմ պայքարում էին լոկ մերձիշխանական «բազեները», ապա Արթուր Բաղդասարյանի դեպքում նրանց կմիանան մերձիշխանական «աղավնիները» ևս: Իսկ մարտահրավերների պակաս չզգացող Սերժ Սարգսյանի համար այդպիսի մենամարտը ոչ միայն լուրջ գլխացավանք է, այլև դիրքերի նույնքան լուրջ թուլացում:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 3343

Մեկնաբանություններ